Հիմալայան Յոգայի բացառիկ դասընթաց Երևանում` Հիմալայան Յոգայի Կենտրոնում

Ողջույն սիրելի այցելու,
Այս կայքը լուսաբանում է Հայաստանում Հիմալայան Յոգայի դասընթացները, որոնք մինչ օրս անց են կացվել հիմնականում Երևանում, Լոռիում և Գեղամա Լեռներում:
Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտ, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների ուսումնասիրության և զարգացման շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով: Իհարկե այս պրոցեսում նաև աննկատելիորեն, մեկը մյուսի ետևից անհետանում են մինչ այդ ձեզ անհանգստացնող մազմաթիվ երևույթներ, ինչպիսիք են, օրինակ, զանազան քրոնիկ հիվանդությունները,ցավերը, սթրեսներն ու դեպրեսիաները:

Ահա ավելի մանրամասն Յոգայի "ութ աստիճանների" մասին, որոնց մեկ առ մեկ ուսումնասիրում ենք մեր պարապմունքների ժամանակ.

1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական
հիգիենա, բարոյականության նորմեր)
2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր
կողմնորոշում)
3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ
կապի հաստատում)
8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք
մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր
շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հաճույքով ու պատվով անցնելու, երջանիկ
լինելու համար)

Պարապմունքի վարման մեր սովորած և կիրառած տեխնիկաների շնորհիվ` Յոգա գիտությունը մատուցում է Հայաստանում ժամանակակից կյանքի չափանիշներին համապատասխան, զբաղված ու հոգնեցուցիչ ապրելակերպի առանձնահատկությունների նկատառումով, առավելագույնս պարզեցված ու հարմարեցված համակարգի օգնությամբմ մի մտերմիկ և հանգիստ տարածքում, որ կոչվում է Հիմալայան Յոգայի Կենտրոն: Դասընթացը վարում ենք երկուսով, Յոգայի և Ու-շուի մասնագետ Արմենը և ես` Յոգայի մասնագետ Վահագնը:

Կորյունի 1 հասցեում, Ուրարտու համալսարանի շենքում (ձախ կողմի մուտք, վերելակով 8-րդ
հարկ, ձախից 3-րդ, 5-րդ և 6-րդ սենյակներ), Հիմալայան Յոգայի Կենտրոն
Երևանի Բուսաբանական այգում, վայրը փոփոխվում է, վերջնական ճշտելու համար զանգահարեք Հիմալայան Յոգայի Կենտրոն` Արմենին (093)411901 կամ (091) 310379` Վահագնին:

Առողջությունը միայն վատ չզգալը չէ. առողջությունը ԼԱՎ ԶԳԱԼՆ Է:

Բաց դասեր` մինչև սեպտեմբերի սկիզբ!

Օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի սկիզբը Յոգայի բաց դասեր են լինելու մեր նորաբաց կենտրոնում` նոր խմբերի ձևավորման նպատակով: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրել yogayerevan@gmail.com հասցեով, կամ զանգահարել 091 310379` Վահագնին, (093)411901 Արմենին:

Ամառային հանգիստը շուտով կընդմիջեն նոր դասընթացները


Ողջույն սիրելի այցելու: Մի քանի օրից, երբ կվերադառնանք Լոռվա դրախտից, վերսկսելու ենք Հիմալայան Յոգայի դասընթացը, և, քանի որ միջին հայ մարդը գերադասում է փակ տարածքում յոգա պարապել (բուսաբանական այգում փորձեցինք, մարդիկ անձրևից վախենում են, ինչ անեմ, կամ էլ մի տաս րոպե ավել երթուղայինում լինել չեն ուզում` բուսաբանական հասնելու համար), ես նորից ընտրեցի փակ տարածքի ոճը, ինչը նույնպես տարբերակ է: Կհարմարեցնեմ այդ տարածքը Յոգա պարապելու համար` բոլոր առումներով. կլինեն մոմեր (օդն ու էներգետիկ դաշտը մաքրող գործոն, բացի դեկորատիվ տարր լինելը), հոտավետ փայտիկներ (նույնպես օդը մաքրող գործոն), հանդարտ երաժշտություն, գորգիկներ, հանդերձարան, մտերմիկ մթնոլորտ, անհատական մոտեցում, ժամանակ առ ժամանակ` կինոդիտումներ (համակարգչի և պրոյեկտորի օգտագործմամբ), արշավներ (դեպի Գառնի, Արագած լեռ, Լոռվա գյուղեր, Սևանա լիճ և այլն), թեյախմություններ և բացօթյա բուսակերական ոճի խնջույքներ և այլն: Եթե ինչ որ հարցեր ունենաք` կապվեք մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեյով` yogayerevan@gmail.com, կամ զանգահարեք (091)310379 Վահագնին, կամ (093)411901 Արմենին:

"Գդալը գոյություն չունի"


Վերջերս շատ եմ տարվել ջրի, և ինֆորմացիոն դաշտի հետ նրա կապի ուսումնասիրությամբ, ու հաճախ հայացքս սառում է իրականության որևէ ֆիզիկական օբյեկտի վրա` վերջինիս չերևացող կողմի մասին հիշելիս.. Իրականում մենք, մեզ շրջապատող աշխարհը բաղկացած ենք տիեզերական տատանումներից, որոնք միմյանց հետ փոխազդեցության մեջ են, ու դա մեզ մի կողմից շատ հզոր, մյուս կողմից` ահավոր խոցելի է դարձնում... "Մատրիցա" ֆիլմի այս դրվագը, որում իմաստնացման շորշոփներով փոքրիկը փորձում է ֆիլմի հերոսին բացատրել, թե ինչպես է պետք գդալը ծռել (իհարկե` բանակի մեթոդները չհաշված), բավական տեսանելի ու, ինչ որ առումով էլ, դիպուկ ցույց է տալիս, որ իրականում մեզ միայն թվում է, թե տեսնում ենք մեր շրջապատը.. Մենք ընդամենը դրա շատ կոպիտ ու բարակ շերտն ենք տեսնում` մակերեսը: Չեմ ասի, թե այդ շերտը հետաքրքիր չէ, սակայն հիմա ինձ սկսել են մյուս շերտերն ավելի հետաքրքրել, ու նորից սարերն ու ձորերը գնալու պահը հասունանում է: Էլ որտեղ կարելի է ավելի հեշտ "գդալ ծռել" (խոսքը հայացքով գդալ ծռելու մասին է, ի դեպ), քան հայոց փառահեղ, հզոր սարերում ու ձորերում: Չեխական ավիաուղիներից մի մետաղե գդալ է մնացել հիշատակ, հենց դա էլ կվերցնեմ հետս մյուս արշավին:
Հ.Գ. Հուսով եմ գրածս ամեն տող հալած յուղի տեղ չեք ընդունի... սիրում եմ փոխաբերություններ: Իրականում խոսքը մտավոր դաշտերի ուսումնասիրման մասին է, ինչի արդյունքում, որպես կանոն, սկսում են տեղի ունենալ բաներ, որ ակամա ստիպում են հիշել տարբեր գիտաֆանտաստիկ ֆիլմեր:

Հարցազրույց Հիմալայան Յոգայի մասին

5 տարերքներն ու ձեռքը


Բուսաբանական այգում այսօրվա մեր ունեցած պարապմունքն առանձնացավ մի քիչ ավելի երկարատև ու խորը տեսական մասով` այս անգամ հենց սկզբից հնչած մի քանի հարցերին ի պատասխան: Շնչառական մի վարժություն էինք անում ("Տիեզերական"-ը), որի ընթացքում նախ մի լավ արտաշնչում ենք, ապա խորը շնչում ու մատներով փակում բերանը, քիթը, ականջներն ու աչքերը` արտաքին աշխարհից ժամանակավորապես կտրվելու համար (ժամանակավորապեսը շեշտում եմ, քանի որ հաճախ են Յոգա-ի հասցեին "աշխարհից կտրվելու" մեղադրանք ներկայացնում, ինչը բացարձակ աբսուրդ է ու որևէ հիմքից զուրկ, պատրաստ եմ այս թեմայով ում հետ ասես բանավիճել!), հետո այդ բոլորը նորից բացում, ինչը պետք է անել հերթականությամբ.. Շատերը մոռանում են հերթականության մասին ու բացում են միանգամից, և քանի որ այդ վարժությունը մեր զգայարանների "դաստիարակության" համար հսկայական նշանակություն ունի, որոշեցի ներկայացնել դրա գաղտնի կողմը, այն է`. "մեր ձեռքի մատները հինգն են, ինչպես և տիեզերքի տարերքները` հողը, ջուրը, կրակը, օդն ու եթերը: Այդ տարերքներից չորսը (հողը, ջուրը, կրակը և օդը) տեսանելի են, հինգերորդը` եթերը, անտեսանելի, ինչը մեր ձեռքի վրա արտացոլված է բութ մատի` առանձին լինելու ու նույնիսկ մյուս մատներից տարբեր ֆունկցիա ունենալու ձևով: Եթե ինչ որ բան ես բռնում, բութ մատը մյուսներին օգնող դեր ունի, և դրա չլինելու դեպքում բռնածդ ձեռքումդ դժվար մնա.. Ու մեր 5 զգայարանները ճանաչելու և դրանք կառավարելու համար շատ կարևոր է դրանք բոլորն էլ հավասարապես հղկելը, ուստի վարժության ընթացքում անհրաժեշտ է մատները զգայարաններից հեռացնել ոչ թե միանգամից, այլ հերթով` մեկը մյուսից մոտ 3 վայրկյան հետո: Նաև խոսեցինք այն մասին, որ մեր արած ձայնային վարժությունը` "Օում"-ը, հիմնված է այն բանի վրա, որ ողջ Տիեզերքը կազմված է տատանումներից, և մենք մեր սեփական ձայնով ի զորու ենք մեր ներքին տատանումները նորմալ վիճակի բերել, ինչը չափազանց արագ ներգործող ազդեցություն է ունենում հիմնականում: Լիքը ուրիշ բաներից խոսեցինք, չգիտեմ որը գրեմ, որը թողնեմ.. Երևի ավելի լավ կլինի, որ սպասեմ, մինչև ինչ որ կոնկրետ հարց հնչի այս վիրտուալ տարածքում, ու այդ հարցին պատասխանեմ:

Նոր սկիզբ` բնության հետ
















Ողջույն սիրելի ընթերցող, համաքաղաքացի, հայրենակից, համամոլորակցի ջան: Ոչ մի կերպ չի հաջողվում ինտերնետային ակտիվությունը կարևորել իրական կյանքում ակտիվությունից, ու ինչ է ստացվում արդյունքում - բլոգս կրկին քնում է: Ահագին ժամանակ թողել էի քնի, հիմա եկա արթնացնեմ: Հոգ չէ, կարևորը, որ Հայաստանում (թերևս ողջ Անդրկովկասում`Հնդկաստանում ճշտածս տվյալների համաձայն)Հիմալայան Յոգայի (սանսկրիտերեն` "Աշտանգա Յոգա" /աշտա = ութ, անգանի = աստիճան) հայաստանյան պարապմունքները ամսե-ամիս ակտիվանում են, ու այսօր երեկոյան գրանցվեց այդ ակտիվացման ևս մի դրսևորում, այն է` մենք որոշեցինք, որ պարապմունքներն այսուհետև անց ենք կացնելու Երևանի Բուսաբանական Այգում, ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, երեկոյան ժամը 20:00-ից մինչև 21:30 (մինչև որ նոր խմբերը կձևավորեմ, շաբաթվա մյուս օրերին ևս, նաև` առավոտյան պարապմունքներով, վերջում էլ (այս միտքը հենց նոր ծագեց, դեռ մերոնց չեմ հասցրել հայտնել) կարելի է միասին թեյ խմել` Հայաստանի անուշաբույր սարերից ու ձորերից հավաքած թարմ բույսերով, հետն էլ մեղր ու նման բաներ, մի խոսքով` Յոգայի հայաստանյան ոդիսականը հնարավորինս ճոխ ու ուրախ դարձնենք: Չնայած առանց այդ ամենի էլ խոտերի, բույսերի ու հողի բույրը, ծառերի խշշոցն ու նման ոգելից բաները մեզ այս երեկո էնպես էին գերել, որ չէինք ուզում ընդհատել վարժությունները... Մինչև որ զգացինք, որ շուտով կատարյալ մթություն կլինի, ու, մեզ ստիպեցինք, դուրս եկանք: Այդպիսի պահերի այնպես եմ ուզում, որ շատերը զգան այդ ամենը, զարմանան, հիանան, մի հատ էլ կարգին ժպտան ու համոզվեն, որ երջանիկ լինելու համար այնքան էլ շատ բան չի պետք.. Ինչ որ շատ հեռու գնացի, զգացիք?:)))
Լավ, շատ չշեղվեմ: Ստորև կարող եք կարդալ նաև մի քիչ ավելի մանրամասն տեղեկություններ մեր դասընթացի մասին: Իհարկե ձեր հարցերը դրանից, հնարավոր է, միայն ավելանան, բայց դե ախր էս բլոգ ասածն էլ հենց դրա համար է նախատեսված` որ հարցեր առաջանան, հետո պատասխաններ առաջանան, մինչև որ տեսնենք, թե ինչ է ստացվելու:)
Լավ, հիմա տեսեք, թե ինչքան նոր բան եք իմանալու Յոգայի մասին, կատակ չեմ անում:)

Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:

Իսկ այստեղ փորձեմ բացել վերը նշված միստիկ, Յոգայի "ութ աստիճանների" փակագծերը.

1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական
հիգիենա, բարոյականության նորմեր)
2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր
կողմնորոշում)
3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ
կապի հաստատում)
8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք
մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր
շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ
լինելու համար)

Պարապմունքի վարման իմ սովորած և կիրառած տեխնիկայի շնորհիվ` Յոգա գիտությունը մատուցում է Հայաստանում ժամանակակից քաղաքային կյանքի չափանիշներին համապատասխան, զբաղված ու հոգնեցուցիչ ապրելակերպի առանձնահատկությունների նկատառումով կառուցված, առավելագույնս պարզեցված ու հարմարեցված համակարգի օգնությամբ: Գործում է վճարման և հաճախման աբոնեմենտային համակարգ` ավելի ճկուն հաճախելիություն ապահովելու համար: Մանրամասների համար արդեն ավելի լավ կլինի գրել vvardumyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով, կամ զանգահարել (091)310379 համարով, Վահագնին (այսինքն այս բլոգի հեղինակ, ձեր խոնարհ ծառային)
Մինչ հանդիպում, հուսով եմ բուսաբանական այգում, կամ գոնե մոտերքում (մինչև մի քանի հարյուր մետր շառավղով օդը դեռ համեմատաբար մաքուր է, բայց հենց որ իջնում ենք դեպի մեր սիրելի ուրբանիզացման գոտի` ամեն ինչ հարամ է լինում):
Լավ եղեք սիրելիներս:

Պարապմունքներն առաջ են գնում


Յոգան վաղուց սկսել ենք, բավական հետաքրքիր պրոցես ա... Արդեն անցել ենք շնչառական վարժություններին, իսկ կիրակի օրը երևի Ծաղկաձորում մի բարձր տեղ գնանք վարժություններ անելու:

Սկսում եմ Յոգայի կուրսերը






Գարունն եկավ!!!! Մարտի 4-ից սկսում եմ Յոգայի կուրսերը, որոնք վճարովի են, սակայն հուսով եմ շուտով մի տարածք կգտնեմ ու անվճար կպարապեմ, կամ էլ միանգամից կսպասեմ մի քիչ էլ ժամանակ անցնի ու բնության մեջ կպարապեմ:

Կարծում եմ մարտի կեսերին արդեն հանգստյան օրերին քաղաքում գրեթե չեմ լինի, գոնե ոչ Երևանում…


   


Այսօր որոշեցի, որ մարտի սկզբին կվերսկսեմ Յոգա պարապմունքներս, իհարկե ոչ իմ սեփական տարածքում, սակայն որոշ առումով կոմպրոմիսային միջավայրում, որ Լոտուս կենտրոնն է տրամադրում: Դեռևս պարապելու երեք ցանկացող կա, սակայն շուտով, կարծում եմ, նրանց թիվը կավելանա: Անհամբեր սպասում եմ բնության մեջ պարապելուն: Կարծում եմ մարտի կեսերին արդեն հանգստյան օրերին քաղաքում գրեթե չեմ լինի, գոնե ոչ Երևանում… Մի քանի օր հետո երևի գնանք քարանձավների կողմը, եթե իհարկե քաղաքային աղմուկի “պարգևած” հոգնածությունից պարզապես Գառնու ձորում քարերին փռվելու գայթակղությունն ավելին չլինի, քան մի երկու տասնյակ կիլոմետր դեպի Սևանա լիճը քայլելու մղումը…
Նոր նայեցի էկրանին ու հիշեցի, որ այսօր մի ցանցային ադմինիստրատոր տղայի պատմում էի, որ համակարգչի, ավելի ճիշտ համակարգչի` մեր մարմնի ու մտքի վրա թողած ապուշ ազդեցության դեմ լավագույն միջոցներից մեկը մածունն է, ու որ այն շատ լավ հանում է էկրանի “սառը լույսի” ֆենոմենալ սպանիչ դաշտն ու վերադարձնում մեր մարմնին նորմալ գործունեության համար անհրաժեշտ կենսաակտիվությունը… նայում էր ինձ ու երևի մտածում, որ մի հեռու մոլորակից եմ ընկել, բայց մի քանի հատկապես տրամաբանական փաստարկներից հետո սկսեց համոզվող դեմք ընդունել: Չմոռացա նաև ասել, որ մեկ մեկ համակարգչի կպչուն կախվածությունից ազատվելու ամենաարդյունավետ ձևերից մեկն ինձ համար պարզապես այն անջատելն է` հենց գործի կեսից… Հա, ինքս իմ “կամքին” հակառակ, ձեռքով քշում եմ մկնիկին դեպի “ստարտ” սեղմակն ու ընտրում “շաթ-դաուն” ռեժիմը: Կոմպս մի պահ անակնկալի է գալիս, բայց չի հասցնում ոչինչ անել, քանի որ նա չունի բանականություն… Ժողովուրդ, ձեզ խաբել են, լուրջ եմ ասում…էդ կոմպը բանականություն ՉՈՒՆԻ… անջատեք դրան, ու նստեք լռության մեջ, կամ խոտերին, կամ նույնիսկ նկուղում…բոլորից հեռու, կոմպի հովացուցիչի շարժիչի ձայնից հեռու, վինչի նվնվոցից հեռու… Այդքանն էլ է հերիք սկզբի համար, մինչև Յոգայի մասին մտածելը:

...այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել


Հիմա ոչինչ, որ հաճախ չեմ գրում, որովհետև միևնույն է նույնիսկ առանց բառերի ու բառակապակցությունների այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել, ինչում այսօր համոզվեցի իմ մի նոր ընկերոջ (ավելի ճիշտ` -ուհու) ոգեշնչող անդրադարձները լսելով, որ մտել էր այս բլոգ ու մի քիչ նայել գրածներս: Հիմա մի շատ հանգիստ տեղում եմ, Գյումրի քաղաքում, վայելում եմ ընկերներիս հետ բավական հետաքրքիր քննարկումներն ու աշխատանքային շատ բուռն պրոցեսը…. Նաև երկար սպասված լռությունը, որ նույնիսկ աշխատանքի ամենաբուռն պահին այստեղ ավելի շատ է, քան Երևանում գիշերվա ամենալուռ պահին…: Հիմա կասես` բա ինչ կապ ունի այս ամենը Յոգա բլոգի հետ?.. Ունի, հավատացնում եմ, ունի… Յոգա բառն ինքնին հին սանսկրիտով նշանակում է “կապ”, ու այդ կապը, որքան էլ ուզենաս, չես զգա, եթե չունենաս գոնե մի քիչ այս լռությունից…Գյումրվա գիշերվա, կամ Գառնու ձորի, կամ Դիլիջանի անտառների լռությունից: Մի քիչ առաջ ընթրիքից հետո այդ լռության մեղմ ճնշման ներքո զգացի, որ գլուխս արդեն դրել եմ սեղանին ու հայացքս սառել է պատով ծածկված հորիզոնի մի կետում, ու մտքերս հանդարտ գետի պես հոսում են ինչ որ մի հեռու տեղ… Հիշեցի, որ մի անգամ այդ նույն Գառնու ձորում, գետի միջի մի հսկա քարի վրա տեսա մի մողես, որ անշարժ փռվել էր արևից շիկացած քարին ու անհասկանալիորեն երկար ժամանակ դիրքը չէր փոխում: Այն ժամանակ դեռ անհասկանալի, մինչև մի օր հասկացա, որ մարդ արարածն այդ մողեսի նախապապից էլ է մի բան սովորել ժամանակին, Յոգայի վարժությունները ստեղծելիս, ու որ իրականում մենք ու կենդանիներն իրար շատ ավելի նման ենք, քան մենք ենք կարծում: Չգիտեմ, ընկերներս հայացքիս մեջ նկատեցին այդ մողեսին, թե ոչ, բայց գիտեմ, որ նա մի պահ իսկապես այնտեղ էր:

Տարածքում աղմուկ էր...մեդիտացիան հետաձգվեց..



Սակայն այսօրվա աղմուկը մեդիտացիային շատ չէր զիջում կենսաակտիվ ելևէջների քանակով ու ներկաների ոգևորության աստիճանով: Փաստօրեն այսօրվանը մեդիտացիա չէր, այլ մեդիտACTION էր: Երբեմն առօրյա գործերն ու ակտիվությունն էլ մեդիտացիոն էֆեկտ ունեն: Հաջորդ մեդիտացիան` շուտով, գուցե հենց վաղը երեկոյան: Ես ու Նարեկը պիտի փորձենք ճիշտ պահը որսալ, ու տեսնենք աղջիկներից ով մեզ կմիանա:

Հանպատրաստից Յոգա


Այսօր երկար ու բազմաբովանդակ օր էր: Արդեն գրասենյակից համարյա դուրս էի գալիս, մեկ էլ sms ստացա Երևանում ապրող լիտվուհի Ինգայից` թե "էսօր Յոգա չկա բա?": Մտածեցի "հա էլի, ինչու չէ? որ", ու գնացի իր ու Լորինի հետ Յոգա անելու: Ինգան ու Լորինը երկուսն էլ EVS ծրագրով Հայաստան ժամանած կամավորներ են, ու մի օր զրուցելիս ասացին, որ իրենք էլ կուզեն միասին Յոգա անել, եթե հարմարվի: Իմ համար էլ նման միտքը մերժելը դժվար է ոչ միայն այն պատճառով, որ նրանք համակրելի աղջիկներ են, այլ նաև` որ սկզբունքորեն սխալ կլիներ մերժելը, հենց Յոգայի գիտության տեսանկյունից, ու ինձ էլ առիթ է պետք երեկոյան մի հանգիստ տեղում Յոգա անելու համար: Մյուս կողմից` իրենց տանը կրակով վառարան կա, ու մթնոլորտը բավական տրամադրող է Յոգայի համար: Մի ժամից ավել տևեց, վերջում էլ Ինգան գյուղից բերաց իր լավաշից հյուրասիրեց, պանրով ու կարագով, հայկական սարերից հավաքած խոտաբույսերի թեյով: Լորինն էլ մի պահ նայեց մեզ բոլորիս ու ասաց. "ինչքան քիչ բան է պետք երջանկության համար": "Վայ Լորին ջան, էդ ուր ա հասել Եվրոպան", մտածեցի ես(մասնավորապես այս դեպքում ինկատի ունեմ Ֆրանսիան, քանի որ Լորինը ֆրանսուհի է): Վաղն էլ երեկոյան Նարեկի, Լուսինեի, ու հավանաբար նաև Հրանուշի և Մարինեի հետ մեդիտացիա կանենք, նորից նույն տեղում: Հատուկ չեմ ասում, թե որտեղ: Ամեն ինչ հո չեմ ասելու???:)))

Հեծանիվն ու Յոգան

Ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում, որ քաղաքային կյանքում Յոգա պարապելու գործում շատ մեծ դեր է խաղում հեծանիվը: Չեմ ասի, թե սա ինձ համար շատ զարմանալի էր պարզելը, բայց ուզեցա այդ մասին աշխարհին հայտնեմ էս իմ սակավամարդ բլոգում, որ մի կաթիլ էլ ես նպաստեմ Հայաստանում առողջ ապրելակերպի միստիկ գործի առաջխաղացմանը: Ինչ որ շատ պաշտոնական ստացվեց, չէ?:

45 րոպե` այլ չափման մեջ...


Մեդիտացիան շատ լավ անցավ: Երեքով էինք, մի լուռ սենյակում, մոտ 45 րոպե անձայն շփվում էինք առօրյա աղմկոտ ու անհանգիստ միջավայրից դուրս մի չափման հետ, ու դա բավական հանգստացնող ազդեցություն ունեցավ, ինչպես միշտ: Հաջորդ անգամ գուցե արդեն չորս հոգի լինենք: Մեդիտացիայից տուն վերադարձա հեծանիվով: Մեդիտացիան ու հեծանիվը` մեկը մյուսին ահագին լավ լրացնող բաներ են, ուղղակի երևանցիներից շատերի համար երկուսն էլ, չգիտես ինչու, առնվազն տարօրինակ են համարվում: Ամեն դեպքում ինձ դրանցից մեկը լավ հանգստացնում է, մյուսն էլ լավ ակտիվացնում: Հիմա շատ ավելի հանգիստ կքնեմ: Հաջորդ մեդիտացիան նախատեսվում է փետրվարի 7 –ին, ժամը 7 –ին, նույն տեղում:
Երկար ընդմիջումից հետո` այժմ վերսկսում եմ Հիմալայան Յոգայի մասին այս բլոգն արթնացնելու հաճելի պրոցեսը: Վաղը երեկոյան, որպես այդ արթնացման խորհրդանշական ակցիա` երկու ընկերներիս հետ պետք է "քաղաքային մեդիտացիա" անենք, մի լուռ մտերմիկ տարածքում: Հետագայում հնարավոր է դա դարձնենք տրադիցիա, ու ցանկացողները կարողանան նույնպես միանալ: Այս պահին մենակ մենք մերոնցով կանենք:)): Ի դեպ` Յոգան այնքան էլ այն չէ, ինչ տարբեր հաստ ու բարակ գրքերում մատուցվում է լայն լսարանին... Բայց դա երկար զրույցի թեմա է, որը կարող է սկսվել հենց այս էջերի վրա: Բարի օր եմ մաղթում քեզ:

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն / Հայաստան