...այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել


Հիմա ոչինչ, որ հաճախ չեմ գրում, որովհետև միևնույն է նույնիսկ առանց բառերի ու բառակապակցությունների այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել, ինչում այսօր համոզվեցի իմ մի նոր ընկերոջ (ավելի ճիշտ` -ուհու) ոգեշնչող անդրադարձները լսելով, որ մտել էր այս բլոգ ու մի քիչ նայել գրածներս: Հիմա մի շատ հանգիստ տեղում եմ, Գյումրի քաղաքում, վայելում եմ ընկերներիս հետ բավական հետաքրքիր քննարկումներն ու աշխատանքային շատ բուռն պրոցեսը…. Նաև երկար սպասված լռությունը, որ նույնիսկ աշխատանքի ամենաբուռն պահին այստեղ ավելի շատ է, քան Երևանում գիշերվա ամենալուռ պահին…: Հիմա կասես` բա ինչ կապ ունի այս ամենը Յոգա բլոգի հետ?.. Ունի, հավատացնում եմ, ունի… Յոգա բառն ինքնին հին սանսկրիտով նշանակում է “կապ”, ու այդ կապը, որքան էլ ուզենաս, չես զգա, եթե չունենաս գոնե մի քիչ այս լռությունից…Գյումրվա գիշերվա, կամ Գառնու ձորի, կամ Դիլիջանի անտառների լռությունից: Մի քիչ առաջ ընթրիքից հետո այդ լռության մեղմ ճնշման ներքո զգացի, որ գլուխս արդեն դրել եմ սեղանին ու հայացքս սառել է պատով ծածկված հորիզոնի մի կետում, ու մտքերս հանդարտ գետի պես հոսում են ինչ որ մի հեռու տեղ… Հիշեցի, որ մի անգամ այդ նույն Գառնու ձորում, գետի միջի մի հսկա քարի վրա տեսա մի մողես, որ անշարժ փռվել էր արևից շիկացած քարին ու անհասկանալիորեն երկար ժամանակ դիրքը չէր փոխում: Այն ժամանակ դեռ անհասկանալի, մինչև մի օր հասկացա, որ մարդ արարածն այդ մողեսի նախապապից էլ է մի բան սովորել ժամանակին, Յոգայի վարժությունները ստեղծելիս, ու որ իրականում մենք ու կենդանիներն իրար շատ ավելի նման ենք, քան մենք ենք կարծում: Չգիտեմ, ընկերներս հայացքիս մեջ նկատեցին այդ մողեսին, թե ոչ, բայց գիտեմ, որ նա մի պահ իսկապես այնտեղ էր: