Յոգային զուգահեռ՝ կենցաղավարման մի քանի գաղտնիք


1. Փորձեք հնարավորինս շուտ ավարտել օրն ու քնել կեսգիշերից առաջ,
2. Փորձեք արթնանալ առավոտյան 6–ից 7–ը ընկած ժամանակահատվածում,
3. Սառը ջրով լոգանքներ ընդունեք (մի 5 լիտրանոց դույլը բավական է),
4. Օրը սկսեք մեղրաջրով, սոված փորին, և ավարտեք մեղրաջրով,
5. Սնվեք հնարավորինս նույն ժամերին ամեն օր, խուսափեք ծանր, անթարմ ու անառողջ, հատկապես մսային սննդից,
6. Շատ մի հոգնեք կամ գոնե աշխատեք ժամանակին հանգստանալ,
7. Եթե ունեք այս պահին ձեզ հուզող խնդիրներ, փորձեք դրանց գոյության մասին միալար մտածելու փոխարեն գոնե մեկ մեկ մտածել ինչ որ դրական բաների մասին. դա ձեզ լիցք ու ժամանակ կտա՝ բոլոր խնդիրների արդյունավետ լուծման համար,
8. Օրվա ընթացքում թող ձեր միջով հոսող էներգիայի գերակշիռ մասը լինի դրական. հիշում եք չէ՞, որ դուք եք ձեր միջի լիցքերի ու հոսքերի համար ամենահիմնական պատասխանատուն:

Վահագն
Հիմալայան Յոգայի Կենտրոն
Երևան, Հայաստան

Յոգա դասընթաց, շնչառական Յոգա, մեդիտացիա

Յոգան գիտություն է

Յոգան գիտություն է, հինավուրց գիտություն, որն, այնուամենայնիվ, ինչ-որ հրաշքով կարողանում է երբեք չհնանալ: Այն հազարամյակներով բերնեբերան փոխանցվում էր մի սերնդից մյուսին, մինչև որ մ.թ.ա. 2-րդ դարում, Պատանջալի անունով մի իմաստուն մարդ գրի առավ այդ ամբողջ գիտելիքն իր “Յոգա Սուտրա” (Յոգայի մասին աֆորիզմներ) գրքում: “Յոգա Սուտրան” բաղկացած է 196 աֆորիզմից, որոնք զետեղված են 4 բաժիններում. Դրանք են` 1. Սամադհի պադա (Գիտակցություն և Գերգիտակցություն), 2. Սադհանա պադա (Յոգային տիրապետելու ճանապարհները), 3. Վիբհուտի պադա (Հզորություններ) և 4. Կայվալյա պադա (Ազատագրում): Այս գիրքը հետագայում դարձավ աշխարհում եղած Յոգայի դպրոցների գերակշիռ մասի, ինչպես նաև` Յոգային առնչվող բազմաթիվ այլ գիտությունների` փիլիսոփայության, բժշկության և այլ ճյուղերի հիմքերի հիմքը: Մինչև օրս չկա հստակ, վերջնական պատասխան այն հարցին, թե իրականում որքան հին է Յոգա Գիտությունը, և այս բանավեճը դեռ շարունակվում է պատմաբանների ու հետաքրքրված այլ գիտնականների շրջանում, աշխարհով մեկ: Մինչդեռ մեր նպատակն է` ուսումնասիրել, հասկանալ ու մյուսներին փոխանցել այս գիտությունն իր ամենաանարատ տեսքով, այնպիսին, ինչպիսին որ կա հենց ակունքներում, որպեսզի հնարավոր լինի լիարժեք հաղորդել երկար ու ձիգ դարերի ընթացքում հավաքված իմաստությունը:Յոգա գիտությունն այս վերջին 5000 տարիների ընթացքում անդադար կիրարկվել ու փորձարկվել է անասելի մեծ թվով մարդկանց կողմից, և ապացուցել է, որ մեծագույն դեր ունի մարդու ինքնա-ճանաչման, առողջության պահպանման և զարգացման գործում, թե ֆիզիկական, թե մտավոր և թե հոգևոր առումներով: Ծագելով Արևելքից, հիմնականում Հնդկաստանից, Յոգա Գիտությունն այժմ արագորեն մասսայականություն է վայելում աշխարհի բազմաթիվ երկրներում` ներթափանցելով արդի կյանքի զանազան ոլորտներ, քանի որ այն չափազանց ունիվերսալ է և արդյունավետ: Հայաստանի հասարակության համար Յոգան նորություն է, սակայն արդեն հասցրել է նկատելի ուշադրության արժանանալ, և, այստեղ ու այնտեղ հայտնվող Յոգայի կենտրոններն արդեն սկսել են աստիճանաբար ավելի ու ավելի լավը դառնալ, ինչը հաճելի զգացողություններ է պարգևում, և իհարկե` հույս: Ուստի, ողջունում ենք Քեզ Քո սեփական իրականության լրիվ նոր մի կողմի հայտնագործման դաշտում, այն նոր աշխարհի, որն անտեսանելի է անուշադիր հայացքի համար, սակայն բացվում է զննողի առջև, և լի է խորհրդավորությամբ, ոգեշնչմամբ ու Իրականությամբ` ամենաիսկական իմաստով:

Հեղինակ՝ Վահագն Վարդումյան

Հիմալայան Յոգայի Կենտրոն