5 տարերքներն ու ձեռքը


Բուսաբանական այգում այսօրվա մեր ունեցած պարապմունքն առանձնացավ մի քիչ ավելի երկարատև ու խորը տեսական մասով` այս անգամ հենց սկզբից հնչած մի քանի հարցերին ի պատասխան: Շնչառական մի վարժություն էինք անում ("Տիեզերական"-ը), որի ընթացքում նախ մի լավ արտաշնչում ենք, ապա խորը շնչում ու մատներով փակում բերանը, քիթը, ականջներն ու աչքերը` արտաքին աշխարհից ժամանակավորապես կտրվելու համար (ժամանակավորապեսը շեշտում եմ, քանի որ հաճախ են Յոգա-ի հասցեին "աշխարհից կտրվելու" մեղադրանք ներկայացնում, ինչը բացարձակ աբսուրդ է ու որևէ հիմքից զուրկ, պատրաստ եմ այս թեմայով ում հետ ասես բանավիճել!), հետո այդ բոլորը նորից բացում, ինչը պետք է անել հերթականությամբ.. Շատերը մոռանում են հերթականության մասին ու բացում են միանգամից, և քանի որ այդ վարժությունը մեր զգայարանների "դաստիարակության" համար հսկայական նշանակություն ունի, որոշեցի ներկայացնել դրա գաղտնի կողմը, այն է`. "մեր ձեռքի մատները հինգն են, ինչպես և տիեզերքի տարերքները` հողը, ջուրը, կրակը, օդն ու եթերը: Այդ տարերքներից չորսը (հողը, ջուրը, կրակը և օդը) տեսանելի են, հինգերորդը` եթերը, անտեսանելի, ինչը մեր ձեռքի վրա արտացոլված է բութ մատի` առանձին լինելու ու նույնիսկ մյուս մատներից տարբեր ֆունկցիա ունենալու ձևով: Եթե ինչ որ բան ես բռնում, բութ մատը մյուսներին օգնող դեր ունի, և դրա չլինելու դեպքում բռնածդ ձեռքումդ դժվար մնա.. Ու մեր 5 զգայարանները ճանաչելու և դրանք կառավարելու համար շատ կարևոր է դրանք բոլորն էլ հավասարապես հղկելը, ուստի վարժության ընթացքում անհրաժեշտ է մատները զգայարաններից հեռացնել ոչ թե միանգամից, այլ հերթով` մեկը մյուսից մոտ 3 վայրկյան հետո: Նաև խոսեցինք այն մասին, որ մեր արած ձայնային վարժությունը` "Օում"-ը, հիմնված է այն բանի վրա, որ ողջ Տիեզերքը կազմված է տատանումներից, և մենք մեր սեփական ձայնով ի զորու ենք մեր ներքին տատանումները նորմալ վիճակի բերել, ինչը չափազանց արագ ներգործող ազդեցություն է ունենում հիմնականում: Լիքը ուրիշ բաներից խոսեցինք, չգիտեմ որը գրեմ, որը թողնեմ.. Երևի ավելի լավ կլինի, որ սպասեմ, մինչև ինչ որ կոնկրետ հարց հնչի այս վիրտուալ տարածքում, ու այդ հարցին պատասխանեմ: