Մեր նոր դահլիճը

Յոգան գիտություն է, հինավուրց գիտություն, որն, այնուամենայնիվ, ինչ-որ հրաշքով կարողանում է երբեք չհնանալ: Այն հազարամյակներով բերնեբերան փոխանցվում էր մի սերնդից մյուսին, մինչև որ մ.թ.ա. 2-րդ դարում, Պատանջալի անունով մի իմաստուն մարդ գրի առավ այդ ամբողջ գիտելիքն իր “Յոգա Սուտրա” (Յոգայի մասին աֆորիզմներ) գրքում: “Յոգա Սուտրան” բաղկացած է 196 աֆորիզմից, որոնք զետեղված են 4 բաժիններում. Դրանք են` 1. Սամադհի պադա (Գիտակցություն և Գերգիտակցություն), 2. Սադհանա պադա (Յոգային տիրապետելու ճանապարհները), 3. Վիբհուտի պադա (Հզորություններ) և 4. Կայվալյա պադա (Ազատագրում): Այս գիրքը հետագայում դարձավ աշխարհում եղած Յոգայի դպրոցների գերակշիռ մասի, ինչպես նաև` Յոգային առնչվող բազմաթիվ այլ գիտությունների` փիլիսոփայության, բժշկության և այլ ճյուղերի հիմքերի հիմքը: Մինչև օրս չկա հստակ, վերջնական պատասխան այն հարցին, թե իրականում որքան հին է Յոգա Գիտությունը, և այս բանավեճը դեռ շարունակվում է պատմաբանների ու հետաքրքրված այլ գիտնականների շրջանում, աշխարհով մեկ: Մինչդեռ մեր նպատակն է` ուսումնասիրել, հասկանալ ու մյուսներին փոխանցել այս գիտությունն իր ամենաանարատ տեսքով, այնպիսին, ինչպիսին որ կա հենց ակունքներում, որպեսզի հնարավոր լինի լիարժեք հաղորդել երկար ու ձիգ դարերի ընթացքում հավաքված իմաստությունը:
Յոգա գիտությունն այս վերջին 5000 տարիների ընթացքում անդադար կիրարկվել ու փորձարկվել է անասելի մեծ թվով մարդկանց կողմից, և ապացուցել է, որ մեծագույն դեր ունի մարդու ինքնա-ճանաչման, առողջության պահպանման և զարգացման գործում, թե ֆիզիկական, թե մտավոր և թե հոգևոր առումներով: Ծագելով Արևելքից, հիմնականում Հնդկաստանից, Յոգա Գիտությունն այժմ արագորեն մասսայականություն է վայելում աշխարհի բազմաթիվ երկրներում` ներթափանցելով արդի կյանքի զանազան ոլորտներ, քանի որ այն չափազանց ունիվերսալ է և արդյունավետ:
Հայաստանի հասարակության համար Յոգան նորություն է, սակայն արդեն հասցրել է նկատելի ուշադրության արժանանալ, և, այստեղ ու այնտեղ հայտնվող Յոգայի կենտրոններն արդեն սկսել են աստիճանաբար ավելի ու ավելի լավը դառնալ, ինչը հաճելի զգացողություններ է պարգևում, և իհարկե` հույս:
Ուստի, ողջունում ենք Քեզ Քո սեփական իրականության լրիվ նոր մի կողմի հայտնագործման դաշտում, այն նոր աշխարհի, որն անտեսանելի է անուշադիր հայացքի համար, սակայն բացվում է զննողի առջև, և լի է խորհրդավորությամբ, ոգեշնչմամբ ու Իրականությամբ` ամենաիսկական իմաստով: