Յոգա խմբերի պարապմունքների գրաֆիկը / չակրաների մասին փոքրիկ տեղեկության հետ միասին

Յոգա բառը, համոզված եմ, շատերին է ծանոթ, սակայն իրականում ինչ է դա, ոչ բոլորը գիտեն: Ոմանք կարծում են, որ դա կրոն է, մյուսներն էլ` մարմնամարզության տարբերակ են համարում: Իրականում յոգան գիտություն է, բայց… ամեն ինչ հերթով:
Յոգայի մասին առաջին անգամ Վահագնը լսել է մոտ 14 տարի առաջ, երբ ծանոթացել է Կարեն Ասատրյանի հետ, որն իր լավագույն ընկերն էր: Կարենը նախքան այդ եղել էր Հիմալայներում, ուսումնասիրել յոգայի բոլոր սկզբունքները, ու այդ գիտության մասին նրա պատմությունները միանգամից գրավել ու կլանել էին Վահագնին: Վահագնը գեղանկարիչ է, սիրում է տարբեր ազգերի մշակույթներն ու ջանում երկխոսություն կառուցել այդ մշակույթների միջև:
Երկար տարիներ Վահագնը տարբեր աղբյուրներից ջանում էր տեղեկություններ հայթայթել յոգա ասվածի մասին: Կարենի հետ ծանոթությունից ուղիղ տասը տարի անց` 2006-ի ուշ աշնանը, այս երիտասարդը հրաշալի հնարավորություն ստացավ մեկնելու Հնդկաստան: Առանց երկմտելու նա կապեց ճամփորդական պայուսակն ու մեկնեց: Գիտեր, որ կկարողանա այցելել հենց Հնդկական Հիմալայներ ու լինել այն նույն վայրում, որի մասին պատմություններ էր լսել Կարենից:
Մոտ կես տարի Վահագնն անցկացրեց Հնդկաստանում: Դելիի տարբեր հոգևոր ու մշակութային կենտրոններ այցելելուց հետո վերջապես գնաց Հիմալայներ:
Պարզվում է` Հիմալայներ մտնելու 5 դուռ կա. «Հիմալայյան դարպասներ կոչվող տարածքն է, որն այդ 5 մուտքերից մեկն է: Շատ առասպելական վայր է: Այնտեղ ծանոթացա հենց Կարեն Ասատրյանի ուսուցչի հետ, որի անունն է Սվամի Վեդանան Սարասվատի: Դա մի քիչ միստիկ անուն է, որի կեսից ավելին միայն կոչումներ են: Սվամի նշանակում է մեծապատիվ, սուրբ, Վեդանան` վեդաների գիտակ, իսկ վեդաներն այդ ուսմունքի 4 հիմնական գրքերն են, հինդուիզմի հիմքը»:
Վահագնն այնտեղ խորացրեց իր գիտելիքները: Հնարավորություն ուներ 62-ամյա իր ուսուցչին տալ ցանկացած հարց ու ստանալ պատասխանները հենց սկզբնաղբյուրից, այսինքն` այն մարդուց, ով հրաշալի գիտե, թե ինչ է յոգան, ու կարող է ամեն բան պարզաբանել: Վահագնի համար դա կարծես մի փոքր քննաշրջան էր: Ճամփորդության ավարտին էլ նա ստացավ Հիմալայյան յոգայի մասնագետի պաշտոնական վկայական, որն իրեն հնարավորություն է տալիս դասավանդել:
Հայաստան վերադառնալուց հետո Վահագնը ոգևորված էր ու շատ մեծ ցանկություն ուներ իր սերտածը մյուսներին էլ փոխանցել, որովհետև բավականին հետաքրքիր կողմեր կան յոգայի ուսմունքի մեջ` սկսած մարդ արարածի ստեղծման վարկածներից մինչև տիեզերքի կյանքի ու մահվան հարցերը: Վահագնի համար հետաքրքիր էր դա համեմատել արևմտյան մշակույթի ու կրոնի հետ ու նաև հասկանալ, թե այդ ուսմունքն արդյոք հետաքրքրո՞ւմ է մեզ` հայերիս: Վահագնը կարծում է, որ յոգան բոլորին էլ անհրաժեշտ է` անկախ ազգությունից, սեռից ու կրոնից. «Յոգան իրականում գիտություն է բնության հետ շփման, մարդու ինքն իրեն ու տիեզերքը ճանաչելու մասին, և այդ գիտությունը չի կարող սահմանափակվել որևէ երկրի աշխարհագրական տարածքով ու դիրքով: Հետաքրքիր է, որ հենց այդ աղբյուրներին մոտ կանգնած մարդիկ դա չեն բնորոշում` որպես հնդկական մշակույթ: Նրանք դա համարում են մարդկության հին մշակույթ, որը լավ պահպանվել է միայն Հնդկաստանում»:
Յոգա բառը բազմաթիվ իմաստներ ունի, բայց հիմնական իմաստը կապն է` կապ ինքդ քեզ հետ, քեզ շրջապատող մարդկանց, բնության, տիեզերքի: Յոգան շատ ընդգրկուն ու միաժամանակ շատ բաց է մարդկանց առջև: Յոգան ինքնաճանաչման արվեստ է` ստեղծված մարդ արարածի համար: Վահագնի խոսքով` դա բնությունից քամած գիտություն է և ծառայում է նրան, որպեսզի մարդը լիարժեք ինքնարտահայտվի ու հասարակության մեջ ինքն իր տեղը գտնի: «Յոգայի մեջ հավասարակշռության խնդիր կա: Որքան մարդը խորանում է դրանում, այնքան դա գնում է դեպի մտահոգևոր կողմը»,- բացատրում է Վահագնը:
Յոգան 8 աստիճանից է բաղկացած և կոչվում է «աշտանգայոգա»: Աշտանգա նշանակում է 8 փուլանի:
Յոգայով կարող են բոլորն էլ զբաղվել, չի կարելի միայն 4 տարեկանից ցածր երեխաներին: Այստեղ սահմանափակումները վերաբերում են ոչ այնքան մարդու տարիքին, սեռին կամ կազմվածքին, որքան նրա կենցաղին: Օրինակ` շատ խմող մարդու համար դա նույնիսկ կարող է վտանգավոր լինել: «Եթե մարդն այդ պահին խմում է, բայց որոշել է թողնել դա, ապա նվազագույնը մեկ ամիս անց միայն նա կարող է կամաց-կամաց զբաղվել յոգայով: Յոգան շատ ուժեղ գիտություն է, և այն, ինչպես ամեն մի ուժ, ղեկավարման կարիք ունի: Ասենք, մոտոցիկլ վարել չգիտես, բայց նստես վրան, կընկնես ու կվնասես քեզ: Այդպես էլ յոգայի դեպքում: Պետք է իմանալ, թե ինչից սկսել ու ինչպես անել»,- ասում է Վահագնը:
Նրա խոսքով` միշտ պետք է լինի ինչ-որ մեկը, ով իսկապես տիրապետում է այդ գիտությանը և կարող է ուղղորդել: Նույնիսկ յոգայի մասին գրքերով պարապելն է, Վահագնի կարծիքով, սխալ, որովհետև միշտ չէ, որ դրանք լուրջ մասնագիտական տեսություններն ու ցուցումներն են ներկայացնում: Չիմացող մարդու համար այն կարող է նույնիսկ վտանգավոր լինել: «Այենգար անունով մի մասնագետ կա, որը դասավանդում է հաթայոգա: Նրա գրքի առաջին էջերից մեկում ես տեսա մի այսպիսի միտք. «Եթե դուք ուզում եք մեդիտացիա անել և բավականաչափ տրամադրված չեք դրա համար կամ հոգնած եք, ապա կարող եք մի բաժակ կաթով սուրճ կամ թեյ խմել ու հետո սկսել»: Սա իսկական անհեթեթություն է, կոպիտ խախտում: Մինչդեռ յոգայով զբաղվելուց նվազագույնը 2 ժամ առաջ պետք է սնվել, որպեսզի այն հասցնի օրգանիզմը մարսել: Իսկ ինչ-որ բան ըմպել նվազագույնը մոտ 1 ժամ առաջ, որովհետև մարսողական համակարգը սկսում է աշխատել, և եթե դու յոգայով ես զբաղվում, ուզած թե չուզած, մարմնի կենսաէներգիան սկսում է ուրիշ ուղղությամբ ճառագել, ուրիշ ուղղությամբ աշխատել»,- բացատրում է Վահագնը:
Նա հերքում է նաև այն տեսակետը, թե յոգան սոսկ ֆիզիկական պարապմունք է կամ աշխատանք: Դա ավելի շատ սոցիալական ընդգրկում ունեցող գիտություն է, որն օգնում է անհատին հստակեցնել իր վարքը, պահվածքը, շփումը մյուսների հետ: Բայց, այդուհանդերձ, յոգան նաև ֆիզիկական դրական ազդեցություն է ունենում: Մարդիկ սովորում են ճիշտ սնվել, ճիշտ շնչել, ճիշտ քայլել, քնել: Յոգայով զբաղվելիս անչափ կարևոր է սննդակարգը: Վահագնը ասում է. «Ուտել այնքան, ինչքան պետք է: Ուտելիս գրեթե հեղուկ չօգտագործել: Մարսողական կրակը հանգում է, երբ դրա վրա ջուր ես լցնում: Չխառնել իրարից շատ տարբեր սննդի տեսակները: Պետք է ունենալ օրվա մեջ սնվելու ժամերն ու հետևել այն ռեժիմին»: Վահագնը, օրինակ, 2 անգամ է սնվում օրական: Ավելիի կարիքը չի զգում:
Վահագնը հերքում է նաև տարածված այն կարծիքը, թե յոգան կրոնի հետ որևէ առնչություն ունի: Դրանում նա համոզվել է հենց Հնդկաստանում: Յոգան գիտություն է, որ չի հակասում որևէ կրոնի:
Յոգայի երիտասարդ մասնագետի կարծիքով` այսօր սոցիալական ու տարբեր այլ տեսանկյուններից բավականին ընկճված մեր ազգն իրոք յոգայի կարիքն ունի: Դա կօգնի մարդուն մոտենալ բնությանն ու ձերբազատվել արհեստականից ու պայմանականություններից:
Հենց այդ նպատակով Վահագնը մի քանի ամիս առաջ ստեղծեց յոգայի մասին հայալեզու բլոգ` http://yogaarmenia.blogspot.com հասցեով, որն առայժմ այդքան էլ ակտիվ չէ: Ամեն օր նվազագույնը 10 մշտական այցելու ունի, բայց Վահագնին դա չի մտահոգում: Նա մտադիր է առաջիկայում մի մեծ հայալեզու կայք ստեղծել յոգայի ուսմունքի մասին: Վահագնը կարծում է, որ Հայաստանում ինտերնետ օգտագործողները շատ են, և իրենց միանգամայն հարմար է էլեկտրոնային տարբերակով ծանոթացնել այդ գիտության սկզբունքներին: Բլոգից բացի, հաճախ Վահագնն իր ընկերների հետ է անցկացնում յոգայի դասեր` մանրամասն բացատրելով բոլոր սկզբունքները: Նա շատ է ցանկանում, որ այդ գիտության մասին իմանան ճիշտ աղբյուրներից ու առանց խեղաթյուրումների:
«Ուսուցիչն իր աշակերտին ասում է, որ նա արդեն ամեն ինչ գիտե, հմտություններ է ձեռք բերել, կարող է իր սերտածը բանեցնել, բայց եթե դու նստած ես սարի գլխին ու զբաղվում ես միայն ինքդ քեզնով, հասել ես քո կատարելությանն ու բացարձակապես ոչ մեկի հետ ոչնչով չես կիսվում, ուրեմն դու քո կողքի քարից ոչնչով չես տարբերվում, նույնիսկ քարն իր տեղում է, որովհետև քար է, իսկ դու մարդ ես ու դու քո տեղում չես: Սրա իմաստն այն է, որ իմացածդ պետք է կիսես մյուսների հետ, քանի որ դա հասարակական գիտություն է, բոլորի համար, կարող է ակտիվացնել ու եռանդ տալ»,- այս ավանդությունը Վահագնը լսել է հենց Հիմալայներում, երբ բացահայտում էր յոգայի գաղտնիքները: Նա վստահ է, որ եթե ինքն իր իմացածը չփոխանցի մյուսներին, ապա իսկապես գետնին ընկած մի անպետք քար կլինի:

ԶԱՐՈՒՀԻ ՔՈՉԱՐՅԱՆ