Ամեն անգամ, երբ շավասանան համեմատաբար ավելի ակտիվ է անցնում, դիրքից դուրս գալուց հետո ուզում եմ աշխարհի հետ կիսվել զգացողություններովս, տպավորություններովս ու մտքերովս։ Նախ՝ ըստ իս այդ դիրքը “մեռյալի դիրք” անվանող յոգինները շատ լավ հումոր են ունեցել, որովհետև այն, ինչ զգում ես այդ դիրքում, որքան էլ պարադոքսալ ու դժվար նկարագրելի լինի, այնուամենայնիվ բավականին կենդանի զգացողությունների մի փաթեթ է։ Պարադոքսալ՝ քանի որ երկու ամենասազող բառերը, որոնցով կարող ես հակիրճ նկարագրել այդ դիրքում քեզ հետ տեղի ունեցողը՝ “քնած” ու “արթուն” բառերն են։ Փորձեմ ինչ-որ կերպ բացատրել սա։ Ուրեմն՝ մարմինդ անշարժ է, առաջին հերթին՝ որովհետև դա կարևոր նախապայման է և դիրքի կատարման հիմնական ուղղորդումը դասական դպրոցներում, բայց, բացի այդ, դու այդ դիրքում մտքով ու մարմնով այնպես ես ընկղմվում գերհանգստի մի վիճակի մեջ, որ պարզապես ամեն ինչ անում ես, որպեսզի չշարժվես. ուղղակի բացարձակապես ձեռնտու չէ շարժվելը, որովհետև շարժումը կարծես քեզ “ինտերնետից դուրս է գցում”։ Ուստի այս տեսանկյունից՝ այո, մեռյալի նման անշարժ ես։
Բայց այն, ինչ կատարվում է ներսումդ՝ ոտքերիդ մատներից մինչև գլխիդ գագաթի կետը, թերևս կարելի է նկարագրել “տարածաժամանակային ակտիվ ճամփորդություն” ձևակերպմամբ։ Եվ այդ ճամփորդությունը հիմնականում միմյանց հաջորդող և տարբեր ակտիվության ալիքներով է ընթանում, ինչը կարող է պայմանավորված լինել թե՛ մեր ներքին մտավոր ու էներգետիկ “եղանակային պայմաններով”, թե՛ արտաքին աշխարհից եկող տարերային ազդակներով՝ փողոցից եկող ձայներից մինչև սենյակի միջանցիկ քամին։ Պարադոքսը սկսվում է այն պահին, երբ դու հերթական անգամ գիտակցում ես, որ միանգամայն արթուն ես, բայց, միևնույն ժամանակ, շատ հստակ հիշում ես վայրկյաններ առաջ տեսածդ ոչ այն է երազը, ոչ այն է տեսիլքը։ Հստակ կերպարներ, ֆորմաներ, վայրեր, իրադարձություններ, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է տեսածդ նորմալ երազ համարելու համար, բայց դա տեղի է ունենում մարմնիդ ու մտքիդ արանքներում, ինչ-որ մի անտեղադիրք վայրում, կետում, չափման մեջ։ Այդ ամենը հաճախ այն աստիճան վառ է ու հստակ, որ մարմնովդ կարող է ոգևորության ու զարմանքի ալիք անցնել, ինչն իր հերթին շատ դրական է ազդում տրամադրությանդ վրա։ Չի բացառվում, որ դիմային մկաններդ հանկարծ որոշեն ժպիտ գծել դեմքիդ, հավանաբար՝ այլ ավելի հարմար լուծում չգտնելով մի իրավիճակի համար, որն այդ 7-10 րոպեների ընթացքում ինչ-որ հրաշքով փոխում, վերագործարկում է ողջ էությունդ։
Եվ այս կարճ ժամանակահատվածում կարող ես մի քանի այդպիսի երազանման ալիքի մեջ հայտնվել։ Եթե կարողանում ես հավասարակշռված կերպով, հետևողականորեն ու ճիշտ “նավարկել” այդ ալիքների վրայով, ապա այդ մի քանի րոպեում կուտակում ես մեկ կամ նույնիսկ մի քանի գիշերվա երազատեսությանը համարժեք տպավորություններ ու բավականին հագեցած “ժամանում” ես հետ՝ վերադառնալով ֆիզիկապես այնտեղ, որտեղից սկսել էիր, բայց մտավոր ու հոգևոր առումով դա արդեն լրիվ այլ վայր կարող է թվալ։ Հետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն ծալապատիկ կամ այլ դիրքերում կատարվող զուտ մտավոր վարժանքներին, մեդիտացիաներին ու այլ պրակտիկաներին, շավասանայի ազդեցությունը շատ բազմաշերտ է ու զգացողությունները մի ամբողջ փաթեթով են գալիս՝ ֆիզիկական, մտավոր ու հոգևոր. ֆիզիկապես ավելի թարմ ես, մտապես՝ լիովին առույգ, հոգեպես՝ բավարարված ու խաղաղ։ Սա մի վիճակ է, որ հավասարապես կարևոր է թէ՛ օրը սկսելու, թե՛ այն ավարտելու համար։ Մտավոր առույգ լինելն, ի դեպ, որևէ կերպ չի խանգարում քնելուն, եթե շավասանան արել ես երեկոյան, քանի որ այն շատ արագ կարող է փոխարկվել որակյալ քնի։ Բայց այս ամենն ունի մի կարևոր նախապայման, այն է՝ շավասանային նախորդած վարժությունների ճիշտ կատարումը, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր մեր մարմնի ու մտքի համակարգերն ակտիվացնել այնպես, որ դրանցում կենսաէներգիայի հոսքերի հետագա ուղղորդումն ու մարմնի վերագործարկումը (այսինքն շավասանայի դիրքով պառկելը) բերի հենց այս նկարագրված արդյունքին։
Այսինքն՝ Յոգայի մյուս դիրքերն էլ, լինելով շավասանայի նման դիրքեր, միասին օգնում են հասնելու այն կենսաբանական ու մտավոր կոմպլեքս վիճակին, որում շավասանան լավագույնս կաշխատի։ Բնականաբար՝ ասանաներից բացի նաև պրանայամա անելը է՛լ ավելի խորը արդյունք կարող է ապահովել, սակայն կարևոր է հիշել, որ այս բոլոր բաղադրիչների ոչ թե քանակն է կարևորը, այլ կատարման որակը։ Որպես ամփոփում նշեմ, որ շավասանայով հանգստանալ կարելի է նաև վարժանքներից դուրս, պարզապես հոգնած ժամանակ, սակայն երբ գիտես, թե ինչպիսին է Յոգայի այլ ասանաների ու պրանայամայի հետ համադրությամբ արված շավասանայի արդյունքը, արդեն ինքդ ես ամեն կերպ փորձում առօրյադ կազմակերպել այնպես, որ երկու տարբերակն էլ ունենաս։ /շարունակելի/



