Շավասանա (մեռյալի դիրք)
Ամեն անգամ, երբ շավասանան համեմատաբար ավելի ակտիվ է անցնում, դիրքից դուրս գալուց հետո ուզում եմ աշխարհի հետ կիսվել զգացողություններովս, տպավորություններովս ու մտքերովս։ Նախ՝ ըստ իս այդ դիրքը “մեռյալի դիրք” անվանող յոգինները շատ լավ հումոր են ունեցել, որովհետև այն, ինչ զգում ես այդ դիրքում, որքան էլ պարադոքսալ ու դժվար նկարագրելի լինի, այնուամենայնիվ բավականին կենդանի զգացողությունների մի փաթեթ է։ Պարադոքսալ՝ քանի որ երկու ամենասազող բառերը, որոնցով կարող ես հակիրճ նկարագրել այդ դիրքում քեզ հետ տեղի ունեցողը՝ “քնած” ու “արթուն” բառերն են։ Փորձեմ ինչ-որ կերպ բացատրել սա։ Ուրեմն՝ մարմինդ անշարժ է, առաջին հերթին՝ որովհետև դա կարևոր նախապայման է և դիրքի կատարման հիմնական ուղղորդումը դասական դպրոցներում, բայց, բացի այդ, դու այդ դիրքում մտքով ու մարմնով այնպես ես ընկղմվում գերհանգստի մի վիճակի մեջ, որ պարզապես ամեն ինչ անում ես, որպեսզի չշարժվես. ուղղակի բացարձակապես ձեռնտու չէ շարժվելը, որովհետև շարժումը կարծես քեզ “ինտերնետից դուրս է գցում”։ Ուստի այս տեսանկյունից՝ այո, մեռյալի նման անշարժ ես։
Բայց այն, ինչ կատարվում է ներսումդ՝ ոտքերիդ մատներից մինչև գլխիդ գագաթի կետը, թերևս կարելի է նկարագրել “տարածաժամանակային ակտիվ ճամփորդություն” ձևակերպմամբ։ Եվ այդ ճամփորդությունը հիմնականում միմյանց հաջորդող և տարբեր ակտիվության ալիքներով է ընթանում, ինչը կարող է պայմանավորված լինել թե՛ մեր ներքին մտավոր ու էներգետիկ “եղանակային պայմաններով”, թե՛ արտաքին աշխարհից եկող տարերային ազդակներով՝ փողոցից եկող ձայներից մինչև սենյակի միջանցիկ քամին։ Պարադոքսը սկսվում է այն պահին, երբ դու հերթական անգամ գիտակցում ես, որ միանգամայն արթուն ես, բայց, միևնույն ժամանակ, շատ հստակ հիշում ես վայրկյաններ առաջ տեսածդ ոչ այն է երազը, ոչ այն է տեսիլքը։ Հստակ կերպարներ, ֆորմաներ, վայրեր, իրադարձություններ, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է տեսածդ նորմալ երազ համարելու համար, բայց դա տեղի է ունենում մարմնիդ ու մտքիդ արանքներում, ինչ-որ մի անտեղադիրք վայրում, կետում, չափման մեջ։ Այդ ամենը հաճախ այն աստիճան վառ է ու հստակ, որ մարմնովդ կարող է ոգևորության ու զարմանքի ալիք անցնել, ինչն իր հերթին շատ դրական է ազդում տրամադրությանդ վրա։ Չի բացառվում, որ դիմային մկաններդ հանկարծ որոշեն ժպիտ գծել դեմքիդ, հավանաբար՝ այլ ավելի հարմար լուծում չգտնելով մի իրավիճակի համար, որն այդ 7-10 րոպեների ընթացքում ինչ-որ հրաշքով փոխում, վերագործարկում է ողջ էությունդ։
Եվ այս կարճ ժամանակահատվածում կարող ես մի քանի այդպիսի երազանման ալիքի մեջ հայտնվել։ Եթե կարողանում ես հավասարակշռված կերպով, հետևողականորեն ու ճիշտ “նավարկել” այդ ալիքների վրայով, ապա այդ մի քանի րոպեում կուտակում ես մեկ կամ նույնիսկ մի քանի գիշերվա երազատեսությանը համարժեք տպավորություններ ու բավականին հագեցած “ժամանում” ես հետ՝ վերադառնալով ֆիզիկապես այնտեղ, որտեղից սկսել էիր, բայց մտավոր ու հոգևոր առումով դա արդեն լրիվ այլ վայր կարող է թվալ։ Հետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն ծալապատիկ կամ այլ դիրքերում կատարվող զուտ մտավոր վարժանքներին, մեդիտացիաներին ու այլ պրակտիկաներին, շավասանայի ազդեցությունը շատ բազմաշերտ է ու զգացողությունները մի ամբողջ փաթեթով են գալիս՝ ֆիզիկական, մտավոր ու հոգևոր. ֆիզիկապես ավելի թարմ ես, մտապես՝ լիովին առույգ, հոգեպես՝ բավարարված ու խաղաղ։ Սա մի վիճակ է, որ հավասարապես կարևոր է թէ՛ օրը սկսելու, թե՛ այն ավարտելու համար։ Մտավոր առույգ լինելն, ի դեպ, որևէ կերպ չի խանգարում քնելուն, եթե շավասանան արել ես երեկոյան, քանի որ այն շատ արագ կարող է փոխարկվել որակյալ քնի։ Բայց այս ամենն ունի մի կարևոր նախապայման, այն է՝ շավասանային նախորդած վարժությունների ճիշտ կատարումը, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր մեր մարմնի ու մտքի համակարգերն ակտիվացնել այնպես, որ դրանցում կենսաէներգիայի հոսքերի հետագա ուղղորդումն ու մարմնի վերագործարկումը (այսինքն շավասանայի դիրքով պառկելը) բերի հենց այս նկարագրված արդյունքին։
Այսինքն՝ Յոգայի մյուս դիրքերն էլ, լինելով շավասանայի նման դիրքեր, միասին օգնում են հասնելու այն կենսաբանական ու մտավոր կոմպլեքս վիճակին, որում շավասանան լավագույնս կաշխատի։ Բնականաբար՝ ասանաներից բացի նաև պրանայամա անելը է՛լ ավելի խորը արդյունք կարող է ապահովել, սակայն կարևոր է հիշել, որ այս բոլոր բաղադրիչների ոչ թե քանակն է կարևորը, այլ կատարման որակը։ Որպես ամփոփում նշեմ, որ շավասանայով հանգստանալ կարելի է նաև վարժանքներից դուրս, պարզապես հոգնած ժամանակ, սակայն երբ գիտես, թե ինչպիսին է Յոգայի այլ ասանաների ու պրանայամայի հետ համադրությամբ արված շավասանայի արդյունքը, արդեն ինքդ ես ամեն կերպ փորձում առօրյադ կազմակերպել այնպես, որ երկու տարբերակն էլ ունենաս։ /շարունակելի/
"Հիմալայան Յոգա" ոճի Յոգայի դասընթաց Երևանում, Surya Yoga House-ում
Յոգայի մեր մեկուկես ժամ տևող պարապմունքները ներառում են`
1. Մոտ 10-15 րոպե շնչառական վարժություններ / պրանայամա,
2. Հանգիստ` շնչառական վարժությունների արանքում և ցիկլի վերջում,
2. Հանգիստ` շնչառական վարժությունների արանքում և ցիկլի վերջում,
3. Մոտ 15 րոպե մկանների տաքացում կամ ինքնամերսում,
4. Յոգայի ֆիզիկական դիրքեր / ասանաներ,
5. Հանգիստ` դիրքերի արանքում, ըստ խմբի կարիքների,
6. Հանգստի դիրք ասանաների ցիկլից հետո` շավասանա, ապա՝
9. Կարճ հարց-պատասխան, մոտիվացիոն բլից զրույց:
6. Հանգստի դիրք ասանաների ցիկլից հետո` շավասանա, ապա՝
9. Կարճ հարց-պատասխան, մոտիվացիոն բլից զրույց:
Նշված հերթականությունն էլ, տարբեր հատվածներն էլ որոշ ճկունություն ունեն, ինչը բխում է տվյալ դասի մասնակիցների պատրաստվածության աստիճանից, ինքնազգացողությունից, տրամադրությունից, օրվա էներգետիկ դաշտից, տիեզերքի ռիթմից ու էլի այլ շատ միմյանց փոխկապակցված բաներից: Դրանք նկատելը ձեր խնդիրը չէ, ես դա ինքս սիրով անում եմ, բայց միշտ ուրախ եմ, երբ ինձ օգնում են զգալ խումբը` անկեղծ ու թափանցիկ մոտեցմամբ, որի շնորհիվ արդեն բոլորս ենք միմյանցից սովորում: Սովորելը սակրալ բան է, այն չպիտի միակողմանի լինի:Ճ
Հիմալայան Յոգայի կենտրոնի առաքելությունն է` հնարավորինս անաչառ ու մատչելի ձևով հայ հասարակայնությանը ներկայացնել Յոգա գիտության ու փիլիսոփայության ամենատարբեր ասպեկտները, որպես հակակշիռ` Յոգայի մասին այժմ մոդայի ալիքի տակ, զանազան կրոնական դպրոցներից (բուդդայական, կրիշնայական, ջայնիստական, տանտրիկ և այլ) Հայաստան ներհոսող հաճախ կեղծ ու կիսատ գաղափարների:
Այժմ մեր դասերը վերսկսել ենք Surya Yoga House ("Սուրյա Յոգա Հաուս")-ում, որ գտնվում է Երևան, Նաիրի Զարյան 17 (1-ին մուտք) հասցեում։
Մանրամասների համար զանգահարեք 094 310374 հեռախոսահամարով:
Քարտեզը՝
Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”. կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, կենդանիների, բնության և առհասարակ Տիեզերքի հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: Յոգան, երբ այն դիտարկում ենք մարդու ինքնաճանաչման ու Տիեզերքի ճանաչման համատեքստում, իր հիմքում որևէ կապ չունի ու չի կարող ունենալ Բուդդիզմի, հինդուզմի կամ այլ կրոնական համակարգերի հետ, ուստի մեր ֆեյսբուքյան խմբում դրված ցանկացած երկիմաստ նյութ, որն ունի ուղղակի կամ անուղղակի կերպով Յոգան կրոնի անունից ներկայացնելու կամ կրոնական քարոզ անելու միտում` հեռացվում է ադիմինիստրատորների կողմից: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:
էլ. փոստ` vvardumyan@gmail.com
հեռ. 094310374
Subscribe to:
Comments (Atom)






.jpg)
.jpg)


.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)