










Լավ, շատ չշեղվեմ: Ստորև կարող եք կարդալ նաև մի քիչ ավելի մանրամասն տեղեկություններ մեր դասընթացի մասին: Իհարկե ձեր հարցերը դրանից, հնարավոր է, միայն ավելանան, բայց դե ախր էս բլոգ ասածն էլ հենց դրա համար է նախատեսված` որ հարցեր առաջանան, հետո պատասխաններ առաջանան, մինչև որ տեսնենք, թե ինչ է ստացվելու:)
Լավ, հիմա տեսեք, թե ինչքան նոր բան եք իմանալու Յոգայի մասին, կատակ չեմ անում:)
Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:
Իսկ այստեղ փորձեմ բացել վերը նշված միստիկ, Յոգայի "ութ աստիճանների" փակագծերը.
1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական
հիգիենա, բարոյականության նորմեր)
2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր
կողմնորոշում)
3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ
կապի հաստատում)
8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք
մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր
շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ
լինելու համար)
Պարապմունքի վարման իմ սովորած և կիրառած տեխնիկայի շնորհիվ` Յոգա գիտությունը մատուցում է Հայաստանում ժամանակակից քաղաքային կյանքի չափանիշներին համապատասխան, զբաղված ու հոգնեցուցիչ ապրելակերպի առանձնահատկությունների նկատառումով կառուցված, առավելագույնս պարզեցված ու հարմարեցված համակարգի օգնությամբ: Գործում է վճարման և հաճախման աբոնեմենտային համակարգ` ավելի ճկուն հաճախելիություն ապահովելու համար: Մանրամասների համար արդեն ավելի լավ կլինի գրել vvardumyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով, կամ զանգահարել (091)310379 համարով, Վահագնին (այսինքն այս բլոգի հեղինակ, ձեր խոնարհ ծառային)
Մինչ հանդիպում, հուսով եմ բուսաբանական այգում, կամ գոնե մոտերքում (մինչև մի քանի հարյուր մետր շառավղով օդը դեռ համեմատաբար մաքուր է, բայց հենց որ իջնում ենք դեպի մեր սիրելի ուրբանիզացման գոտի` ամեն ինչ հարամ է լինում):
Լավ եղեք սիրելիներս: