Կարծում եմ մարտի կեսերին արդեն հանգստյան օրերին քաղաքում գրեթե չեմ լինի, գոնե ոչ Երևանում…


   


Այսօր որոշեցի, որ մարտի սկզբին կվերսկսեմ Յոգա պարապմունքներս, իհարկե ոչ իմ սեփական տարածքում, սակայն որոշ առումով կոմպրոմիսային միջավայրում, որ Լոտուս կենտրոնն է տրամադրում: Դեռևս պարապելու երեք ցանկացող կա, սակայն շուտով, կարծում եմ, նրանց թիվը կավելանա: Անհամբեր սպասում եմ բնության մեջ պարապելուն: Կարծում եմ մարտի կեսերին արդեն հանգստյան օրերին քաղաքում գրեթե չեմ լինի, գոնե ոչ Երևանում… Մի քանի օր հետո երևի գնանք քարանձավների կողմը, եթե իհարկե քաղաքային աղմուկի “պարգևած” հոգնածությունից պարզապես Գառնու ձորում քարերին փռվելու գայթակղությունն ավելին չլինի, քան մի երկու տասնյակ կիլոմետր դեպի Սևանա լիճը քայլելու մղումը…
Նոր նայեցի էկրանին ու հիշեցի, որ այսօր մի ցանցային ադմինիստրատոր տղայի պատմում էի, որ համակարգչի, ավելի ճիշտ համակարգչի` մեր մարմնի ու մտքի վրա թողած ապուշ ազդեցության դեմ լավագույն միջոցներից մեկը մածունն է, ու որ այն շատ լավ հանում է էկրանի “սառը լույսի” ֆենոմենալ սպանիչ դաշտն ու վերադարձնում մեր մարմնին նորմալ գործունեության համար անհրաժեշտ կենսաակտիվությունը… նայում էր ինձ ու երևի մտածում, որ մի հեռու մոլորակից եմ ընկել, բայց մի քանի հատկապես տրամաբանական փաստարկներից հետո սկսեց համոզվող դեմք ընդունել: Չմոռացա նաև ասել, որ մեկ մեկ համակարգչի կպչուն կախվածությունից ազատվելու ամենաարդյունավետ ձևերից մեկն ինձ համար պարզապես այն անջատելն է` հենց գործի կեսից… Հա, ինքս իմ “կամքին” հակառակ, ձեռքով քշում եմ մկնիկին դեպի “ստարտ” սեղմակն ու ընտրում “շաթ-դաուն” ռեժիմը: Կոմպս մի պահ անակնկալի է գալիս, բայց չի հասցնում ոչինչ անել, քանի որ նա չունի բանականություն… Ժողովուրդ, ձեզ խաբել են, լուրջ եմ ասում…էդ կոմպը բանականություն ՉՈՒՆԻ… անջատեք դրան, ու նստեք լռության մեջ, կամ խոտերին, կամ նույնիսկ նկուղում…բոլորից հեռու, կոմպի հովացուցիչի շարժիչի ձայնից հեռու, վինչի նվնվոցից հեռու… Այդքանն էլ է հերիք սկզբի համար, մինչև Յոգայի մասին մտածելը:

...այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել


Հիմա ոչինչ, որ հաճախ չեմ գրում, որովհետև միևնույն է նույնիսկ առանց բառերի ու բառակապակցությունների այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել, ինչում այսօր համոզվեցի իմ մի նոր ընկերոջ (ավելի ճիշտ` -ուհու) ոգեշնչող անդրադարձները լսելով, որ մտել էր այս բլոգ ու մի քիչ նայել գրածներս: Հիմա մի շատ հանգիստ տեղում եմ, Գյումրի քաղաքում, վայելում եմ ընկերներիս հետ բավական հետաքրքիր քննարկումներն ու աշխատանքային շատ բուռն պրոցեսը…. Նաև երկար սպասված լռությունը, որ նույնիսկ աշխատանքի ամենաբուռն պահին այստեղ ավելի շատ է, քան Երևանում գիշերվա ամենալուռ պահին…: Հիմա կասես` բա ինչ կապ ունի այս ամենը Յոգա բլոգի հետ?.. Ունի, հավատացնում եմ, ունի… Յոգա բառն ինքնին հին սանսկրիտով նշանակում է “կապ”, ու այդ կապը, որքան էլ ուզենաս, չես զգա, եթե չունենաս գոնե մի քիչ այս լռությունից…Գյումրվա գիշերվա, կամ Գառնու ձորի, կամ Դիլիջանի անտառների լռությունից: Մի քիչ առաջ ընթրիքից հետո այդ լռության մեղմ ճնշման ներքո զգացի, որ գլուխս արդեն դրել եմ սեղանին ու հայացքս սառել է պատով ծածկված հորիզոնի մի կետում, ու մտքերս հանդարտ գետի պես հոսում են ինչ որ մի հեռու տեղ… Հիշեցի, որ մի անգամ այդ նույն Գառնու ձորում, գետի միջի մի հսկա քարի վրա տեսա մի մողես, որ անշարժ փռվել էր արևից շիկացած քարին ու անհասկանալիորեն երկար ժամանակ դիրքը չէր փոխում: Այն ժամանակ դեռ անհասկանալի, մինչև մի օր հասկացա, որ մարդ արարածն այդ մողեսի նախապապից էլ է մի բան սովորել ժամանակին, Յոգայի վարժությունները ստեղծելիս, ու որ իրականում մենք ու կենդանիներն իրար շատ ավելի նման ենք, քան մենք ենք կարծում: Չգիտեմ, ընկերներս հայացքիս մեջ նկատեցին այդ մողեսին, թե ոչ, բայց գիտեմ, որ նա մի պահ իսկապես այնտեղ էր:

Տարածքում աղմուկ էր...մեդիտացիան հետաձգվեց..



Սակայն այսօրվա աղմուկը մեդիտացիային շատ չէր զիջում կենսաակտիվ ելևէջների քանակով ու ներկաների ոգևորության աստիճանով: Փաստօրեն այսօրվանը մեդիտացիա չէր, այլ մեդիտACTION էր: Երբեմն առօրյա գործերն ու ակտիվությունն էլ մեդիտացիոն էֆեկտ ունեն: Հաջորդ մեդիտացիան` շուտով, գուցե հենց վաղը երեկոյան: Ես ու Նարեկը պիտի փորձենք ճիշտ պահը որսալ, ու տեսնենք աղջիկներից ով մեզ կմիանա: