...այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել


Հիմա ոչինչ, որ հաճախ չեմ գրում, որովհետև միևնույն է նույնիսկ առանց բառերի ու բառակապակցությունների այս վիրտուալ անկյունս սկսել է շնչել, ինչում այսօր համոզվեցի իմ մի նոր ընկերոջ (ավելի ճիշտ` -ուհու) ոգեշնչող անդրադարձները լսելով, որ մտել էր այս բլոգ ու մի քիչ նայել գրածներս: Հիմա մի շատ հանգիստ տեղում եմ, Գյումրի քաղաքում, վայելում եմ ընկերներիս հետ բավական հետաքրքիր քննարկումներն ու աշխատանքային շատ բուռն պրոցեսը…. Նաև երկար սպասված լռությունը, որ նույնիսկ աշխատանքի ամենաբուռն պահին այստեղ ավելի շատ է, քան Երևանում գիշերվա ամենալուռ պահին…: Հիմա կասես` բա ինչ կապ ունի այս ամենը Յոգա բլոգի հետ?.. Ունի, հավատացնում եմ, ունի… Յոգա բառն ինքնին հին սանսկրիտով նշանակում է “կապ”, ու այդ կապը, որքան էլ ուզենաս, չես զգա, եթե չունենաս գոնե մի քիչ այս լռությունից…Գյումրվա գիշերվա, կամ Գառնու ձորի, կամ Դիլիջանի անտառների լռությունից: Մի քիչ առաջ ընթրիքից հետո այդ լռության մեղմ ճնշման ներքո զգացի, որ գլուխս արդեն դրել եմ սեղանին ու հայացքս սառել է պատով ծածկված հորիզոնի մի կետում, ու մտքերս հանդարտ գետի պես հոսում են ինչ որ մի հեռու տեղ… Հիշեցի, որ մի անգամ այդ նույն Գառնու ձորում, գետի միջի մի հսկա քարի վրա տեսա մի մողես, որ անշարժ փռվել էր արևից շիկացած քարին ու անհասկանալիորեն երկար ժամանակ դիրքը չէր փոխում: Այն ժամանակ դեռ անհասկանալի, մինչև մի օր հասկացա, որ մարդ արարածն այդ մողեսի նախապապից էլ է մի բան սովորել ժամանակին, Յոգայի վարժությունները ստեղծելիս, ու որ իրականում մենք ու կենդանիներն իրար շատ ավելի նման ենք, քան մենք ենք կարծում: Չգիտեմ, ընկերներս հայացքիս մեջ նկատեցին այդ մողեսին, թե ոչ, բայց գիտեմ, որ նա մի պահ իսկապես այնտեղ էր:

Տարածքում աղմուկ էր...մեդիտացիան հետաձգվեց..



Սակայն այսօրվա աղմուկը մեդիտացիային շատ չէր զիջում կենսաակտիվ ելևէջների քանակով ու ներկաների ոգևորության աստիճանով: Փաստօրեն այսօրվանը մեդիտացիա չէր, այլ մեդիտACTION էր: Երբեմն առօրյա գործերն ու ակտիվությունն էլ մեդիտացիոն էֆեկտ ունեն: Հաջորդ մեդիտացիան` շուտով, գուցե հենց վաղը երեկոյան: Ես ու Նարեկը պիտի փորձենք ճիշտ պահը որսալ, ու տեսնենք աղջիկներից ով մեզ կմիանա:

Հանպատրաստից Յոգա


Այսօր երկար ու բազմաբովանդակ օր էր: Արդեն գրասենյակից համարյա դուրս էի գալիս, մեկ էլ sms ստացա Երևանում ապրող լիտվուհի Ինգայից` թե "էսօր Յոգա չկա բա?": Մտածեցի "հա էլի, ինչու չէ? որ", ու գնացի իր ու Լորինի հետ Յոգա անելու: Ինգան ու Լորինը երկուսն էլ EVS ծրագրով Հայաստան ժամանած կամավորներ են, ու մի օր զրուցելիս ասացին, որ իրենք էլ կուզեն միասին Յոգա անել, եթե հարմարվի: Իմ համար էլ նման միտքը մերժելը դժվար է ոչ միայն այն պատճառով, որ նրանք համակրելի աղջիկներ են, այլ նաև` որ սկզբունքորեն սխալ կլիներ մերժելը, հենց Յոգայի գիտության տեսանկյունից, ու ինձ էլ առիթ է պետք երեկոյան մի հանգիստ տեղում Յոգա անելու համար: Մյուս կողմից` իրենց տանը կրակով վառարան կա, ու մթնոլորտը բավական տրամադրող է Յոգայի համար: Մի ժամից ավել տևեց, վերջում էլ Ինգան գյուղից բերաց իր լավաշից հյուրասիրեց, պանրով ու կարագով, հայկական սարերից հավաքած խոտաբույսերի թեյով: Լորինն էլ մի պահ նայեց մեզ բոլորիս ու ասաց. "ինչքան քիչ բան է պետք երջանկության համար": "Վայ Լորին ջան, էդ ուր ա հասել Եվրոպան", մտածեցի ես(մասնավորապես այս դեպքում ինկատի ունեմ Ֆրանսիան, քանի որ Լորինը ֆրանսուհի է): Վաղն էլ երեկոյան Նարեկի, Լուսինեի, ու հավանաբար նաև Հրանուշի և Մարինեի հետ մեդիտացիա կանենք, նորից նույն տեղում: Հատուկ չեմ ասում, թե որտեղ: Ամեն ինչ հո չեմ ասելու???:)))